ՀՀ նախագահի հերթական ընտրությունները կկայանան 2013 թ. փետրվարի 18-ին` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների ժամանակացույցը: Դեկտեմբերի 8-ից սկսվել է դիտորդների հավատարմագրումը կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխությունների կատարումը:
Անկախ սեփականության ձևից` հեռուստառադիոընկերությունները մինչև դելտեմբերի 18-ը պետք է հրապարակեն նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուներին եթերաժամ տրամադրելու իրենց վճարովի եթերաժամի րեպեավճարի չափը: Արտաքին գովազդային վահանակներ տնօրինող կառույցները թեկնածուներին գովազդային վահանակի գտնվելու վայրի, մակերեսի, քանակի և վարձավճարների մասին տեղեկատվություն պետք է տրամադրեն մինչև դեկտեմբերի 29-ը:
ՀՀ նախագահի թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչները գրանցման փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 4-ը, ժամը 18.00-ն: Թեկնածուների գրանցումը կկատարվի հունվարի 4-ից-14-ը: Ինքնաբացարակ ներկայացնելու հնարավորություն թփեկնածուներն ունեն մինչև փետրվարի 8-ը: Նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկությունը կսկսվի փետրվարի 8-ից և կտևի մինչև փետրվարի 13-ը: Էլեկտրոնային քվեարկության մասնակիցների ցուցակը արտաքին գործերի նախարարությունն ու իրավաբանական անձանց ղեկավարները ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչև դեկտեմբերի 30-ը:
Նախընտրական քարոզարշավը կտևի հունվարի 21-ից փետրվարի 16-ը:
Տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերը կկայանան հունվարի 27-ին:
Քվեարկության վերջնական արդյունքները ԿԸՀ-ն կամփոփի և ընտրությունների արդյունքները կհրապարակի քվեարկության օրվանից 7 օր անց`փետրվարի 25-ին, երկուշաբթի օրը: